Արծվիկի եվրատեսիլյան ելույթն այսօր կգնահատեն ժյուրիի անդամները
Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կայանալիք եվրատեսիլյան փորձի ընթացքում իրենց գնահատականները կտան մրցույթի ժյուրիի անդամները, իսկ վաղը` մայիսի 9-ին, նաև հեռուստադիտողները:
Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո:
Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ` այս տարվա բեմականացման ընթացքում լեդային էկրանների վրա կներկայացվի հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները:
Հայկական ժառանգության բացառիկ նմուշները «Հայկական դրոշմազարդ կտավ» և «Հայկական զարդարվեստ» ձեռնարկներից են: Հին զարդանախշերի գեղարվեստական մշակումները բացառիկ իրավունքով տրամադրել է նշված ձեռնարկների հեղինակ Արմեն Քյուրքչյանը: Հայկական զարդարվեստը հայի ազգային ինքնության ամենավառ արտահայտություններից մեկն է: Լինելով արևմուտքի և արևելքի միջև դարեր շարունակ ընթացող երկխոսության վկան՝ հայկական զարդարվեստը այդ երկու մեծ մշակույթների կրողն է և կներկայացվի եվրատեսիլյան բեմից նորաձեւ գունային լուծումներով` խորհրդանշելով Արծվիկի անվան նշանակությունն ու մրցութային երգի վերնագիրը, որը թարգմանաբար նշանակում է «Ճախրիր ինձ հետ»:
Արծվիկի հետ բեմում կլինեն երկու պարուհիներ, ովքեր պարային բեմականցման ընթացքում կկրեն հայկական արծաթյա զարդեր և ձեռքերի յուրահատուկ շարժմամբ կփորձեն ներկայացնել թռչնի շարժում: Խոստացված թռիչքին հնարավոր կլինի հետևել մայիսի 9-ին մրցույթի հեռարձակման ընթացքում: Արծվիկի հետ նույն բեմում կլինեն նաև երեք բեք-վոկալիստներ:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում, 16-րդ համարի ներքո: