Արյան գնով ձեռք բերված հաղթանակը չհիշելու իրավունք չունենք. Մարգարիտա Խաչատրյան
Այսօր՝ մայիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը և «Անհետ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ նախագահ, անհետ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը խոսեցին մայիսյան եռատոնի և այն մասին, թե որքանո՞վ է այսօր Հայաստանը պատրաստ դիմագրավել թշնամու ոտնձգություններին:
«Ես առաջին հերթին ուզում եմ շնորհավորել խրամատում կանգնած կանգնած զինվորին: Մենք եղել ենք ՊԲ գրեթե բոլոր զորամասերում, և կարող եմ ասել՝ մեր զինվորները ծառայում են կրակահերթերի տակ: Արյան գնով ձեռք բերված հաղթանակը չհիշելու իրավունք չունենք: Բանակ-հասարակություն կապը պիտի ամուր լինի, որ խրամատում զինվորը զգա՝ ինքը մենակ չէ», - ասաց Մարգարիտա Խաչատրյանը և հավելեց,- «Խրամատում կանգնած 18 տարեկան զինվորի ոգին շատ բարձր է»:
Նրա խոսքերով հայ զինվորները գիտակցում են իրենց ուսերին դրված պարտականությունները և դիրքեր բարձրանալուց չեն խուսափում, այլ ընդհակառակը, նրանք ուզում են լինել թեկուզ ամենավտանգավոր դիրքերում, որպեսզի իրենց երկիրը պաշտպանեն թշնամուց:
«Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան տոների կապակցությամբ, մենք ևս հպարտ ենք այս տոներով, սակայն որդեկորույս մայրերը չեն կարողանում լիարժեք ուրախանալ մայիսյան եռատոնով, քանի որ սրտի մի անկյունում միշտ թախիծ են պահում: Բայց ամեն ինչից անկախ՝ բանակ-հասարակություն կապն ավելի է ամրապնդվում»,- ասաց Ռիմա Առաքելյանը, հավելելով,-«թող մեզ նման որդեկորույս մայրեր էլ երբեք չլինեն»:
Ղարաբաղյան ազատամարտի հաղթանակը նախանշեց հետագա հաղթանակների ուղին,- իր խոսքը եզրափակեց Ռիմա Առաքելյանը: