ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է 15-ամյա դեռահասին
Ամերիկյան Դալաս քաղաքում, որը գտնվում է Տեխաս նահանգում, ոստիկանության աշխատակից Ռոյ Օլիվերը կրակել է 15-ամյա աֆրոամերիկացի դեռահաս Յորդան Էդվարդին: Այս մասին գրում է «Russia Today»-ը՝ հղում տալով «BBC»-ին:
Ինչպես հաղորդվում է, դեռահասն ավտոմեքենայի ուղևորի նստարանին է եղել՝ երեկույթից վերադառնալիս, երբ փամփուշտն ուղղվել է նրա գլխին: Սկզբից ոտիկանը զենքի օգտագործումը բացատրել է նրանով, որ ավտոմեքենան «ագրեսիվ» է արձագանքել կարգուկանոնին հետևելու պահանջին, իսկ հետո այդ տեղեկությունը հերքվել է:
Պատահարի ժամանակ Էդվարդն իր երկու եղբայրների և երկու ընկերների հետ է եղել մեքենայում:
Օլիվերը ձերբակալվել է: Փաստաթղթերում նշվում է, որ ոստիկանը «մտադիր էր լուրջ մարմնական վնասվածքներ հասցնել և գործողություն իրականացնել, որը վտանգ կներկայացնել մարդու կյանքի համար, ինչն էլ մահվան է հանգեցրել»: