Որևէ մեկը Հայաստանի և Արցախի հաշվին որևէ հարց չի կարող լուծել. Գառնիկ Իսագուլյան
Այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը խոսեց Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների և հայկական կողմի արձագանքի մասին:
«Կարևոր է, թե ինչ ծրագրեր ունեն Ադրբեջանն ու Թուրքիան, և ՀՀ-ի իշխանություններն ինչպես են արձագանքելու այդ մարտահրավերներին»,- ասաց Իսագուլյանը և հավելեց. «Արցախի կառույցները ուշի ուշով հետևում է այդ գործընթացներին և մենք կազմ-պատրաստ ենք համարժեք պատասխան տալուն, մնում է ուշադիր լինել»:
Խոսելով Նախիջևանում թուրքական ռազամաբազայի հնարավոր տեղակայման հետ կապված Ադրբեջանի հայտարարությունների մասին՝ Իսագուլյանը նշեց, որ դա չի բխում նաև մեծ պետությունների շահերից:
«Որքան էլ ռուս-թուրքական հարաբերությունները լավանան, միևնույն է, Ռուսաստանը երբեք չի ցանկանա, որ Թուրքիան Նախիջևանում ռազմաբազա ունենա: Նույնն էլ կարող ենք ասել ԵՄ-ի, Չինաստանի և Իրանի պարագայում: Ակնհայտ է մի բան. որևէ մեկը Հայաստանի և Արցախի հաշվին որևէ հարց չի կարող լուծել»,- ասաց նա և հավելեց. «Այս հարցը մենք բավական լուրջ մակարդակներով պիտի բարձրացնենք»:
Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ Ադրբեջանը կրկին փորձի հանկարծակիի բերել և լայնամասշտաբ հարձակման անցնել, բանախոսը պատասխանեց. «Այժմ սահմանում տեխնիկական համալրում է տեղի ունեցել և անգամ 50 կմ-ի սահմաններում կարող ենք մշտադիտարկում իրականացնել և այս պարագայում Ադրբեջանը ոչ մի հնարավորություն չունի Հայաստանին հանկարծակիի բերելու»:
Արմինե Նավոյան