Սիրիայում տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու համար գումար կհատկացվի ԱԳՆ-ին
ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել, որ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը: Գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:
Գործադիրի որոշմամբ Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի հանրակացարանում բնակվող` 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձիք՝ թվով 6 ընտանիք, կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Ի պատասխան վարչապետի հարցմանը՝ ՀՀ ԿԱ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում առկա է 943 չսեփականաշնորհված նման տարածք:
Կառավարության որոշմամբ կասեցվել է նախկինում ընդունած որոշումներից մեկի գործողությունը՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի կատարմամբ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող՝ տարիքը չլրացած անձի աշխատանքի տեղավորման համար աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի (քվոտա) իրավակիրառական պրակտիկայում վեր հանված մի շարք խնդիրների լուծման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված:Դա ենթադրում է համապատասխան փոփոխությունների նախաձեռնում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում՝ շահագրգիռ պետական և ոչ պետական կազմակերպությունների լայն մասնակցությամբ: Որոշմամբ առաջարկվում է կասեցնել քվոտայի պահանջի կիրարկումն ապահովող իրավական ակտի գործունեությունը մինչև 2018թ. հուլիսի 1-ը:
Գործադիրն ընդունել է «Ոռոգման նպատակով 2017թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում՝ Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացումը ապահովելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: