Սարկոզին կոչ է արել քվեարկել Լը Պենի դեմ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դեմ քվեարկել, չնայած այն հանգամանքին, որ չի կիսում մյուս թեկնածուի՝ «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնի ծրագիրը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Ես կարծում եմ, որ Մարին Լը Պենի ընտրությունը և նրա ծրագրի իրականացումը երկիրը ծայրահեղ ծանր վիճակի կհասցնեն, այդ պատճառով երկրորդ փուլում ես կքվեարկեմ Էմանուել Մակրոնի օգտին»,- ասել է Սարկոզին:
Նշենք, որ նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել նախորդ կիրակի, որի արդյունքներով ընտրապայքարը շարունակելու են երկրի ֆինանսների նախկին նախարար, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: Երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:
Սարկոզին նաև նշել է, որ մտադիր չէ վերադառնալ քաղաքականություն: