Ժիրինովսկին կխմի Լե Պենի համար
Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորրդ Վլադիմիր Ժիրինովսկին նախատեսում է իր ծննդյան օրը՝ ապրիլի 25-ին, շամպայնի բաժակ բարձրացնել Մարին Լե Պենի համար, ով անցել է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ առաջին փուլի արդյունքներով՝ առաջատարներն են Էմանուել Մակրոնը, ով ստացել է ձայների 23,75%-ը, և Մարին Լե Պենը, ում օգտին է քվեարկել ընտրողների 21,53%-ը: Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին:
Ապրիլի 12-ին Ժիրինովսկին հայտնել էր, որ կխմի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի համար, եթե նա շարունակի խախտել նախընտրական շրջանում տված խոստումները:
Նախորդ տարվա նոյեմբերին Պետդումայում շամպայն էին խմել Թրամփի հաղթանակի առթիվ: Ժիրինովսկին իր հերթին կոչ էր անում քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին: Ռուս քաղաքական գործիչն անգամ ենթադրում էր, թե կարող է ազգակցական կապեր ունենալ Թրամփի հետ: