Հայաստանում ռուս օդաչուների գիշերային զորավարժություններ են անցկացվել
Հարավային ռազմական շրջանի օդաչուները գիշերային թռիչքներ են իրականացրել տրանսպորտային և հարվածային ուղղաթիռներով Հայաստանի ռազմաբազայում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ռազմական շրջանի մամուլի ծառայության ղեկավար Վադիմ Աստաֆևին:
«Հարվածային «Ми-24» և տրանսպորտային «Ми-8МТШ» ուղղաթիռների անձնակազմերը՝ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված ռուսական ավիացիոն Էրեբունի ռազմաբազայի կազմից, ուսումնական թռիչքներ են իրականացրել գիշերային ժամերին: Թռիչքային մարտավարական զորավարժությունների ընթացքում իրականացրել են կրակային պաշտպանության և ռազմական բազայի ստորաբաժանումների աջակցության առաջադրանքներ»,- նշել է Աստաֆևը:
Աստաֆևը հավելել է, որ զորավարժությունների ընթացքում օդաչուները և բորտտեխնիկները կանցնեն ատեստավորում: Նրանք պետք է հանձնեն ավելի քան 50 նորմատիվներ: