Մոսկվա-Երևան չվերթի օդաչուն հրաժարվել է թռչել, երբ ուղևորը փորձել է իր հետ «հաշիվներ պարզել»
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում անձնակազմը հրաժարվել է թռչել սկանդալ առաջացրած ուղևորի հետ, ով պահանջել է բիզնես կարգով թռչել: Այս մասին գրում է «Լife.ru»-ն:
Այսօր գիշերը ժամը մոտ 4։00-ին «UTair» ավիաընկերության «Boeing» օդանավը պետք է թռչեր Երևան, սակայն թռիչքից անմիջապես առաջ սկանդալ առաջացավ:
Տղամարդը, չցանկանալով թռչել էկոնոմ կարգով, անցել է բիզնես կարգ: Նրան նկատողություն են արել, ինչից հետո տղամարդը սկսել է կռվել բորտուղեկցորդուհու հետ և փորձել է մտնել օդաչուի խցիկ՝ վերջինիս հետ «տղամարդավարի» հարցերը լուծելու համար:
Արդյունքում ինքնաթիռի անձնակազմը որոշել է ոչ մի տեղ չթռչել և ամբողջ կազմով դուրս է եկել ինքնաթիռից: Ուղևորին նույնպես հեռացրել են չվերթից:
Մյուս ուղևորների համար փոխել են ինքնաթիռը և անձնակազմը, և նրանք մեկնել են Երևան: