Թրամփը «բոլոր ռումբերի մոր» կիրառումն Աֆղանստանում հաջողված է համարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հաջողած գործողություն» է անվանել գերհզոր ռումբի կիրառումն Աֆղանստանում, սակայն չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք դա որևէ ազդանշան էր Հյուսիսային Կորեային: Այս մասին գրում է «Интерфакс»-ը:
«Բանակում մենք փայլուն հրամանատարներ ունենք: Մենք նրանցով հպարտանում ենք: Այս կիրառումը ևս մեկ շատ, շատ հաջողված գործողություն էր»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք այդ հարվածը դիտարկել որպես ԿԺԴՀ-ին ուղղված ազդանշան, Թրամփը պատասխանել է. «Ես չգիտեմ, ուղարկում է արդյոք դա ազդանշան: Որևէ տարբերություն չկա, ուղարկում է, թե՝ ոչ: Հյուսիսային Կորեան խնդիր է, իսկ խնդիրը կլուծվի»:
Հինգշաբթի ԱՄՆ-ը Աֆղանստանում «ԻՊ»-ի դիրքերին հարվածել է ունեցած հզորագույն ռումբով: Ինչպես հաղորդել է «Fox News»-ը՝ խոքը գնում է 9,5 տոննա քաշով «GBU-43B» ռումբի մասին, որը հայտնի է նաև «բոլոր ռումբերի մայր» անվանումով: