Դեռահասը պատահաբար սպանել է ինքն իրեն «Instagram»-ի ուղիղ եթերում
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի բնակիչ դեռահասը չկանխամտածված կերպով սպանել է ինքն իրեն «Instagram Live»-ի ժամանակ:
13-ամյա Մալաչի Հեմֆիլը ուղիղ հեռարձակման ժամանակ որոշել է իրեն դիտողներին ցույց տալ ատրճանակը: Նրա մոր խոսքով՝ ընտանիքի անդամները բարձր ձայն են լսել, վազել սենյակ և տղային հայտնաբերել արյան մեջ: Տղան հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «11alive»-ին:
Հեմֆիլին ցանցով հետևող ընկերները վազել են տղայի տուն: Նրա մայրը պատմել է, որ պատուհանի տակ մոտ 50 մարդ է հավաքվել, ովքեր փորձել են իրազեկվել տղայի վիճակի մասին:
Այս պահին ոստիկանությունը պարզում է, թե ինչպես է անչափահաս երեխայի մոտ հայտնվել ատրճանակը: Մայրը նշել է, որ զենքը նրան ընկերն է տվել, իսկ վերջինս ինչ-որ անհայտ մեկից է վերցրել այն: