Ինչու՞ են Թուրքիայում այդ պատահական փամփուշները միշտ հայերին դիպչում
Օրեր առաջ թուրքական մամուլում հայտնվեց տեղեկություն այն մասին, որ Իգդիրի Թուզլուջա շրջանում, 50-ամյա Յուսուֆ Թեքինը, «պատահաբար սպանել է» եղբոր ազգությամբ հայ կնոջը:
Թուրքական մամուլի պնդմամբ' Յուսուֆը որսորդական հրացանով կրակ էր բացել ցորենի արտերը վնասող ագռավների վրա, բայց փամփուշտներից մեկը պատահաբար դիպչել է 45-ամյա հայ հարսին' Բ. Բաքոյանին: Հրազենային վնասվածքն այդ կնոջ համար մահացու եղավ. նրան տեղափոխում են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվում կյանքը փրկել: Նշենք, որ Բ. Բաքոյանը 10 տարի առաջ ամուսնացել էր Յուսուֆի եղբոր հետ և բնակություն հաստատել Թուրքիայում:
Այսօր հայկական «ԳԱԼԱ» հեռուստաընկերության կայքում հրապարակվեց «Գյումրու բնակչուհուն սպանել են Թուրիքայում» վերտառությամբ հոդված , ըստ որի, Գյումրիում խոսակցություններ են տարածվել, թե Թուրքիայում ՀՀ քաղաքացի է սպանվել, ով գյումրեցի է և գրանցված է Մուշ 2 թաղամասում: Ըստ տեղեկությունների՝ կնոջը սպանել են իր երեխաների աչքի առաջ:
«Չեն սպանել, գնդակահարել են, ու դա արել է նրա տեգրը»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել են սպանվածին ճանաչողները: Վերջիններս նաև պնդում են, որ սպանությունը կրոնական հողի վրա է կատարվել, երբ գյումրեցի բնակչուհին երեխաներին կնքել է, դա ակնհայտորեն դուր չի եկել նրա ամուսնու եղբորը, ով էլ սպանել է նրան:
Չնայած ԳԱԼԱ-ի հրապարման մեջ չի նշվում սպանվածի անունը, բայց այս երկու տեղեկություններում առկա տարօրինակ զուգադիպությունները կասկած չեն թողնում այն հարցում, որ խոսքը նույն դեպքի մասին է: Պարզապես առաջին դեպքում սպանությունը ներկայացված էր թուրքական քաղաքակությանը հատուկ խեղաթյուրումներով, երբ հային սպանելը ներկայացվում է որպես «դժբախտ պատահար», ոչ թե որպես դիտավորյալ սպանություն' ազգային կամ կրոնական հողի վրա, ինչպես որ այս դեպքում էր: Ի դեպ, նմանատիպ «դժբախտ պատահարի» զոհ դարձավ նաև թուրքական բանակում զինակցի կողմից սպանված հայազգի Սևակ Բալըքչըն, ով սպանվել էր 2011 թ ապրիլի 24-ին:
Եվ արդյո՞ք «դժբախտ պատահարի» հետևանք էր նաև Ստամբուլում բնակվող 19-ամյա Նարինե Մկրտչյանի մահը, ում ինքնասպանության էին հասցրել 2 թուրք երիտասարդներ: Կամ մի՞թե այս պատահարների շարքից էր 2010թ Թուրքիայում անհետ կորած զբասաշրջիկ Աննա Դավթյանի սպանությունը, ում խոշտանգված դին կորելուց 15 օր հետո գտան և ուղարկեցին Հայաստան:
Այստեղից հետևություն. Թուրքիայում ցանկացած տեսակի ու ծանրության հանցագործություն վերածվում է դժբախտ պատահարի, պատահականության և անզգուշության այն դեպքում, երբ տուժողը կամ զոհը ազգությամբ հայ է:
Ինչպես այս դեպքում, կրոնական հողի վրա կատարված ծանրագույն հանցագործությունը ներկայացվում է, որպես ագռավների որսի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահար:
Թերևս թուրքական կողմի «դժբախտ պատահարի» քաղաքականությունն անհաջող փորձ է' մաքուր պահելու երկրի հեղինակությունը: Չէ՞ որ Թուրքիան առիթը բաց չի թողնում միջազգային հարթակում իրեն ներկայացնել որպես ժողովրդավար ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ հարգանք ցուցաբերող երկիր:
Հ.Գ. Ինչու՞ են այդ պատահական փամփուշները միշտ հայերին դիպչում...