Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ ԱՄՆ Կոնգրեսում կայացավ Հայոց ցեղասպանության հիշատակման ամենամյա միջոցառումը, որին մասնակցեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, Ամերիկայի հայկական համագումարը և Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Դևիդ Թրոթը, Ջեքի Սփիըրը, Դևիդ Վալադաոն և փոխհամանախագահ Ադամ Շիֆը հանդես եկան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու անհրաժեշտության մասին հայտարարություններով, ինչպես նաև շեշտեցին Հայաստանին ու Արցախին ԱՄՆ կողմից մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը:
Հիշատակման միջոցառմանը մասնակցեցին նաև սենատոր Էդ Մարքին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, մի շարք կոնգրեսականներ:
Իր խոսքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց Հայկական հանձնախմբի անդամներին` Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը մշտապես բարձրաձայնելու համար և ընդգծեց պատճառական կապը ժխտողականության և մեր օրերում տեղի ունեցող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջև: