Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ կնքած հուշագրի գործողությունը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դադարեցնում է Սիրիայում ավիապատահարների մասին հուշագրի գործունակությունը ԱՄՆ-ի կողմից Հոմս նահանգի Շայրաթի ավիաբազային հարվածներ հասցնելուց հետո: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Գերատեսչությունը նաև պաշտոնապես հորդորում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել: Այս մասին նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագիրը, որը կնքվել է ԱՄՆ-ի հետ: Հորդորում ենք ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ հրավիրել ստեղծված իրավիճակը քննարկելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հարվածներ հասցնելու մասին որոշումը Վաշինգտոնում ընդունվել էր դեռևս մինչև Իդլիբի իրադարձությունները, որոնք պարզապես որպես առիթ օգտագործվեցին ուժի ցուցադրման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: