Ինչպե՞ս է արձագանքել Պուտինը՝ ԱՄՆ-ի հարվածներին Սիրիայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը ԱՄՆ-ի՝ սիրիական ավիաբազային հասցրած հարվածները համարում է «ագրեսիա ինքնիշխան պետության դեմ»: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Պեսկովը նշել է, որ Պուտինի կարծիքով՝ հարվածը հասցվել է «կեղծ պատրվակներով»: Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ սիրիական բանակը քիմիական զենք չունի:
«Սիրիայի զինված ուժերի քիմիական զենքի բոլոր պահեստների ոչնչացման փաստն արձանագրվել է և հաստատվել Քիմիական զենքի արգելքի կազմակերպության կողմից»,- հիշեցրել է Պեսկովը:
«Պուտինի կարծիքով՝ ահաբեկիչների կողմից քիմիական զենք օգտագործելու փաստն ամբողջապես արհամարհելն ընդամենը խորացնում է իրավիճակը»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը: