Բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը կազմակերպվել և անց է կացվել ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան. ԿԸՀ
ԿԸՀ-ն այսօր պարզաբանել է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպել են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ:
Պարզաբանման մեջ ասվում է. «Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն, քերակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպել են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ:
(«Ահազանգ՝ ՔԿՀ-ներում ընտրախախտումների վերաբերյալ» վերտառությամբ հոդվածում (աղբյուրը` http://www.a1plus.am/1533209.html): Նշվածի կապակցությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով հանրապետության թվով 12 քրեակատարողական հիմնարկներում ձևավորվել են ընտրական տեղամասեր և թվով 12 տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
Կապ հաստատելով նշված տեղամասային ընտրական հանձնաժողովներից յուրաքանչյուրի հետ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացավ նշված տեղեկատվության հերքում: Ավելին, տեղամասային ընտրական հանձնաժողովները փաստեցին, որ բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը կազմակերպվել և անց է կացվել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան:
Քրեակատարողական հիմնարկներում քվեարկող ընտրողներին պարզաբանվել է քվեարկության կարգը, և յուրաքանչյուրն ապահովվել է իր ընտրական իրավունքն իրացնելու հնարավորությամբ: Որոշ տեղամասային ընտրական հանձնաժողովներ նշեցին նաև, որ քվեարկության կազմակերպմանն ու անցկացմանը հետևել են միջազգային դիտորդներ»: