Որոշ անդամ երկրներ կհրաժարվեն «Եվրատեսիլ 2017»-ին իրենց մասնակցությունից
Եվրոպական հեռարձակման միության ղեկավար Ինգրիդ Դելենտրեն Ուկրաինայի իշխանություններին պաշտոնապես տեղեկացրել է, որ որոշ երկրներ մտադիր են հրաժարվել «Եվրատեսիլ 2017»-ին իրենց մասնակցությունից այն պատճառով, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել է Ռուսաստանի ներկայացուցչին մուտք գործել երկիր: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Դելենտրեն նամակով դիմել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանին. «Եթե դուք հաստատեք մուտքի արգելքը, ապա դա միանշանակ շատ բացասաբար կազդի Ուկրաինայի միջազգային հեղինակության վրա»,- հայտնել է Դելենտրեն:
Նրա խոսքով՝ միության անդամ երկրներից որոշները քննադատել են Ուկրաինայի անվտանգության ծառայության որոշումը և հայտնել, որ կարող են հրաժարվել մրցույթին մասնակցությունից:
Դելենտրեն նաև չի բացառել, որ ապագայում Ուկրաինային կբացառեն միության միջոցառումների մասնակցությունից:
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել էր երգչուհի Յուլիա Սամոյլովային մուտք գործել երկիր այն պատճառով, որ վերջինս 2015 թ.-ին ելույթ է ունեցել Ղրիմում: