Սուրիկ Խաչատրյանը քարոզչություն է անում օրենքի խախտմամբ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը քարոզչություն է իրականացնում ի աջակցություն ՀՀԿ-ական թեկնածուի:
Հաղորդագրությունում ասվում է. «Մամուլով տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ի աջակցություն ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Աշոտ Արսենյանի, Գորիսում քարոզչություն է իրականացնում, հանդիպումներ ունենում ընտրողների հետ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի երկարաժամկետ դիտորդները ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզչության մշտադիտարկման ընթացքում արձանագրել են, որ հիշյալ գործունեության շրջանակում Սուրիկ Խաչատրյանը հանդիպումներ է ունենում նաև Թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի զբաղեցրած շինության երկրորդ հարկում: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հիշյալ տարածքը փաստացի օգտագործվում է որպես շտաբ և որպես այդպիսին այն կարող է օգտագործվել նաև քվեարկության օրը՝ ազդեցություն ունենալով Հանձնաժողովի աշխատանքների վրա:
Հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածը, համաձայն որի՝ ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները, և մտահոգություն հայտնելով, որ դա կարող է վտանգել Թիվ 12 տարածքային հանձնաժողովի գործունեության բնականոն ընթացքը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այսօր դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ մատնանշված տեղեկությունները ճշտելու և խախտումները վերացնելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու առաջարկով»: