Թուրքիայում կարգելափակվի հյուրանոցների ամրագրման Booking.com կայքը
Թուրքիայում ժամանակավոր կարգելափակվի Booking.com հյուրանոցների ամրագրման հանրահայտ կայքը, մինչև լուծվի՝ Զբոսաշրջային գործակալությունների թուրքական ասոցիացիայի հետ ծագած խնդիրը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով թուրքական Hurriyet պարբերականին:
Նշվում է, որ Զբոսաշրջային գործակալությունների թուրքական ասոցիացիան (TURSAB) հիշյալ կայքին մեղադրել է անբարեխիղճ մրցակցություն վարելու մեջ և համապատասխան հայց է ներկայացրել: «TURSAB»-ի գլխավոր քարտուղարի խոսքով` կայքով արդեն իսկ ամրագրում կատարած անձինք որևէ խնդիր չեն ունենա դատարանի կայացրած որոշման առնչությամբ:
Արգելքն ուժի մեջ կմտնի դատարանի համապատասխան որոշումից հետո: Նաև նշվում է, որ սա առաջին դեպքը չէ: Նախկինում կայքն արդեն 2.5 միլիոն տուգանք էր վճարել: