Նոր սկանդալ. մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվել են «YouTube»-ում գովազդ հրապարակել
Ամերիկյան «Pepsi» ընկերությունը, ԱՄՆ խոշորագույն ռիթեյլոր «Walmart»-ը և սրճարանների «Starbucks» հայտնի ցանցը միացել են այն ընկերություններին, որոնք ժամանակավորապես դադարեցրել են «YouTube» վիդեոսերվիսում գովազդային հոլովակների հրապարակումը: Այս մասին գրում է TACC-ը:
Նշվում է, որ նման որոշման պատճառը հանդիսանում է այնտեղ ծայրահեղական տեսագրությունների հրապարակման հետ կապված սկանդալը:
«Pepsi»-ի ընկերությունն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մենք ծայրաստիճան մտահոգված ու խորապես հիասթափված ենք, որ մեր որոշ գովազդային տեսահոլովակներ հրապարակվել են ատելություն ու բռնություն քարոզող տեսագրությունների կողքին»:
«Walmart»-ը ևս հայտարարություն է տարածել. «Այդ ամենը պարզապես ահավոր է և չի համապատասխանում մեր ընկերության իմիջին»:
Իսկ «Starbucks» ընկերությունը հայտնել է, որ ժամանակավորապես դադարեցնում է գովազդների հրապարակումը «YouTube»-ում: