Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 17-ին, 75 տարեկան հասակում, կյանքից հեռացել է գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը:
Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
Անատոլի Գրիգորյանն ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (1956-1961), ապա՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը (1962-1967)։
1967-1976 թթ. աշխատել է նկարիչ-բեմադրող՝ հայկական հեռուստատեսության ստուդիայում։
1970 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է, 1977 թ․ ընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար, 1978 թ․՝ ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։
1982 թ. Ա. Գրիգորյանը վերընտրվել է Հայաստանի նկարիչների միության քարտուղար և, միաժամանակ, ԽՍՀՄ նկարիչների միության նախագահության անդամ։
1983 թ.-ից՝ ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ։
1965 թ․-ից Անատոլի Գրիգորյանը եղել է ցուցահանդեսների մշտական մասնակից, որոնք կազմակերպվել են Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Նրա նկարները ցուցադրվել են (ինչպես ընդհանուր, այնպես էլ անհատական ցուցահանդեսներում) Ռուսաստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ավստրիայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ-ում և այլ երկրներում։ Նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի պետական պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Վանաձորի պատկերասրահում, մշակույթի նախարարության ֆոնդում, Ռուսաստանի և Հայաստանի նկարիչների միությունում, ինչպես նաև՝ բազմաթիվ անձնական հավաքածուներում։