Պահպանեք իրար, մարդի՛կ. այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
Լեոնիդ Ենգիբարյան (մարտի 15, 1935 Մոսկվա- հուլիսի 25, 1972, Մոսկվա), ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։
Ծնվել է Մոսկվայում։ Հայրը (ազգությամբ՝ հայ) «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։ 1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։
1955թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։
1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։
Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» 1971 թվական, «Վերջին ռաունդ» 1984 թվականին գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է «Սոյուզգոսցիրկից»՝ այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։
Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։
1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)։