Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017»-ին կներկայացնի հաշմանդամություն ունեցող երգչուհին
Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանը կներկայացնի Յուլիա Սամոյլովան՝ մի աղջիկ, ով տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով: 26-ամյա երգչուհին Առաջին ալիքի կողմից ընտրվել է որպես Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթի մասնակից: Այս մասին գրում է Life.ru-ն:
Յուլիա Սամոյլովան հայտնիություն է ձեռք բերել՝ առաջին անգամ հայտնվելով հեռուստատեսությունում «Фактор А» վոկալի շոուի երրորդ եթերաշրջանում: 2013 թվականին աղջիկը հիացրեց ժյուրիի անդամներին իր երգով և նրանով, որ երգեց հաշմանդամի սայլակին նստած: 13 տարեկանում են նրա մոտ ախտորոշել հիվանդությունը: Աղջիկը պատմում է, որ հաշմանդամի սայլակին է հայտնվել մանուկ հասակում արված պատվաստումից:
«Фактор А»-ում նա գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ հետո դարձավ Սոչիում Պարաօլիմպիկ խաղերի բացման արարողության մասնակից: