Ադրբեջանում քրգործեր են հարուցվել Արցախի հետ համագործակցող տասնյակ ընկերությունների դեմ
Ադրբեջանի գլխավոր դատախազություննը քրեական գործ է հարուցել և քննություն է սկսել Արցախում տնտեսական «անօրինական գործունեության» փաստերի առթիվ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով շաբաթ ադրբեջանական կողմի համապատասխան գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել և քննություն է սկսել «օկուպացված տարածքներում» տնտեսական անօրինական գործունեության, խոշոր չափի վնասի և Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և այլ երկրների ընկերությունների հետ կապված անօրինական եկամուտների շուրջ փաստերի առթիվ»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետաքննել է «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում» իրավաբանական անձանց կողմից «տնտեսական անօրինական գործունեություն մասին» երկրի ՄԻՊ-ից ստացված նյութը:
Նշվում է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, թե Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և այլ երկրների մի շարք ընկերությունների ղեկավարները1999-2017 թթ.-ին որպես կազմակերպչական խումբ պարբերաբար անօրինական ճանապարհով Հայաստանի տարածքով հատել են «Ադրբեջանի սահմանը», «օկուպացված տարածքներում» գտնվող այլ անձանց հետ Ստեփանակերտում, Շուշիում, Բերձորում, Քարվաճառում և բնակելի այլ կետերում առանց Ադրբեջանի օրենքներով սահմանված պետական գրանցման ձեռնարկություններ են հիմնել:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նաև հաղորդել է, թե այդ ընկերություններն իրենց գործունեությամբ նպաստել են «օկուպացիայի ամրապնդմանն ու Ադրբեջանի տարածքային աբողջականության խախտմանը»: