Առողջապահության ոլորտում ընթացիկ տարում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն։ Կենտրոնի տնօրենը նախարարին և նրան ուղեկցող լրագրողներին ներկայացրել է, որ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կենտրոնում տեղադրված PET և SPECT եզակի սարքավորումներով չարորակ նորագոյացությունների և սրտի հիվանդությունների ախտորոշման ճշգրիտ և կարևոր հետազոտություններ կկատարվեն։
Միջուկային բժշկության ծառայությունները Հայաստանում հասանելի դարձնելուն ուղղված այս ծրագրի իրականացման համար 2011թ. առ այսօր 2,2 մլրդ ՀՀ դրամի և 5,3մլն եվրոյի ներդրում է կատարվել։
Այնուհետև նախարար Ալթունյանը լրագրողներին ներկայացրել է, որ 2017թ. առողջապահության ոլորտում նախատեսվում է շուրջ 26 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Նա կարևորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրը, որը Հանրապետությունում, հատկապես` մարզերում, զգալիորեն կբարելավի շտապօգնության ծառայության որակը։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2016թ. դեկտեմբերին։ Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան կհասնի ընթացիկ տարում։ Չինաստանի կառավարությունն այս ծրագրի համար կներդնի 4,8մլրդ ՀՀ դրամ։