Կլիմտի «Գյուղական այգի» հայտնի կտավը վաճառվել է 48 մլն ֆունտով
Ավստրիացի հայտնի գեղանկարիչ Գուստավ Կլիմտի «Գյուղական այգի» կոչվող կտավը վաճառվել է 48 մլն ֆունտով: Աճուրդը կայացել է Լոնդոնի «Sotheby's» հեղինակավոր աճուրդի տանը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով աճուրդի տան ներկայացուցչի խոսքին:
Նշենք, որ նրա նկարների հիմնական թեման կնոջ մարմինն է: Գործերի մեծ մասն աչքի է ընկնում ակնհայտ էրոտիզմով։ Բացի կերպարային նկարներից, որոնք ընդգրկում են փոխաբերություններ և դիմանկարներ, նա նաև նկարել է բնապատկերներ: «Վիեննական սեցեսիոն» միավորման արվեստագետներից հատկապես Կլիմտն էր ոգեշնչվել ճապոնական արվեստով և դրա մեթոդներով:
Ստեղծագործական կյանքի առաջին տարիներին Կլիմտը զբաղվել է ճարտարապետական դեկորացիաներով: Հետագայում, երբ Կլիմտը ձևավորում է իր անձնական ոճը, նրա գործերը խիստ քննադատության առարկա են դառնում և համարվում պոռնոգրաֆիկ: Արդյունքում նա խուսափում է հասարակության շրջանում լինելուց, սակայն «ոսկե շրջանի» նկարները նրան մեծ հռչակ են բերում: