Նոր սկանդալ. ԱՄՆ գլխավոր դատախազին մեղադրում են ՌԴ դեսպանի հետ շփում ունենալու մեջ. դատախազը հերքում է
ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը սխալ տեղեկատվություն է անվանել Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի ընթացքում Ռուսաստանի դեսպանի հետ իր շփումների մասին տեղեկությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Ավելի վաղ, Washington Post պարբերականը հայտնել էր, որ Սեշնսը անցյալ տարի, երբ սենատոր էր, 2 անգամ խոսել է ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին պահանջել էր Սեշնսի հրաժարականը: Նրա խոսքով՝ նա Կոնգրեսում երդվելով ստել էր՝ հայտարարելով, որ նախագահական արշավի ընթացքում ռուսաստանցի պաշտոնական անձանց հետ չի շփվել:
Սակայն, իր հերթին Սեշնսը հանդես է եկել հայտարարությամբ և հերքել տարածված տեղեկատվությունը; Նա նշել է, որ երբեք չի հանդիպել Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ ընտրությունները քննարկելու համար: Նա անհիմն է համարել իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: