Սիրիացի օպերատորին չեն թույլատրել ներկա լինել «Օսկար» մրցանակաբաշխությանը
ԱՄՆ իմիգրացիոն իշխանություններն արգելել են սիրիացի օպերատոր Հալիդ Հատիբի մուտքը երկիր: Այս մասին գրում է Ren.tv-ն՝ հղում անելով Assosiated Press-ին: Օպերատորը աշխատել էր Սիրիայի պատերազմի մասին պատմող «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմի նկարահանման վրա, որը «Օսկար»-ի հավակնորդ է:
Այս որոշումը ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդունել է վերջին րոպեին, քանի որ այնուամենայնիվ օպերատորին մուտքի վիզա տրամադրվել էր: Հաղրոդվում է, թե ամերիկյան իշխանությունները «օպերատորին վարկաբեկող բացասական տեղեկություն» են հայտնաբերել:
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կանցկացվի Հոլիվուդում փետրվարի 26-ին: «Սպիտակ սաղավարտներ» ֆիլմը «Օսկարի» հավակնորդ է «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգում: