Թուրքիան պատրաստ է շարունակել Սիրիայի ազատագրումն «ԻՊ»-ից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել սիրիական Ռաքքա քաղաքի և ողջ Սիրիայի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից ազատագրման գործողություններին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Anadolu»-ին:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան քննարկել է Սիրիայում հետագա քայլերի թեման ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մասնակիցների հետ: «Ռաքքայի թեման քննարկվել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հետ: Ճիշտ պլանավորման դեպքում մենք կկարողանանք հեշտությամբ մաքրել Սիրիայի տարածքը «ԻՊ»-ի ահաբեկիչներից»,- նշել է նա:
Չնայած սիրիական Էլ Բաբ քաղաքն անցել է Թուրքիայի զինվորների լիակատար վերահսկողության տակ, առանձին թաղամասերում դեռևս կարող են քիչ թվով ահաբեկիչներ լինել: «Պայթուցիկ սարքերի ոչնչացումից հետո բնակիչները կարող են վերադառնալ Էլ Բաբ»,- նշել է նա: