ԱՄՆ-ում գեյմերը մահացել է 24-ժամյա առցանց մարաթոնի ժամանակ
ԱՄՆ Վիրջինիա նահանգից գեյմեր Բրայան Վինյոն վախճանվել է «World of Tanks» 24-ժամյա բարեգործական մարաթոնյան խաղերի ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Sun պարբերականին:
Նշվում է, որ մարաթոնը հեռարձակել է «Twitch» կայքը։ Մարաթոնի նպատակն էր գումար հավաքել «Make-A-Wish Foundation» բարեգործական հիմնադրամի համար, որն օգնում է իրականացնել մահացու հիվանդ մարդկանց երազանքները։ Ինչպես հայտնում է պարբերականը՝ 22-ժամյա խաղի ժամանակ Վինյոն՝ հայտնի «Poshybrid» կեղծանվամբ, գնացել է ծխելու և այդպես էլ չի վերադարձել խաղը շարունակելու։ Մոդերատորներն ու հանդիսատեսը որոշել են, որ նա քնել է։
Նույն օրվա երեկոյան գեյմերի ծանոթներից մեկը տեսել է նրան առցանց ռեժիմում և հաղորդագրություն ուղարկել։ Վինյոյի մահվան մասին հայտնի է դարձել այդ մարդուց, ով պնդում է, թե ոստիկանական բաժանմունքի հետախույզ է։
Վիրջինիա նահանգի ոստիկանությունը հաստատել է գեյմերի մահը, սակայն չի հաղորդել այլ տեղեկություններ, թե ինչի հետևանքով է նա մահացել: Նրան սոցիալական տարբեր ցանցերում ցավակցանքի խոսքեր են հղվել: