Մի քանի դեպք Սոկրատեսի կյանքից
Անցորդը հարցնում է Սոկրատեսին.
- Քանի՞ ժամվա ճանապարհ է մնում մինչեւ քաղաք հասնելը:
- Ճամփադ շարունակիր,- նետում է փիլիսոփան:
Շվարած անցորդը շարունակում է իր ճամփան: Քսան քայլ փոխելուց հետո Սոկրատեսը ձայնում է մարդու ետեւից.
- Երկու ժամ:
- Ինչո՞ւ անմիջապես չասացիր,- զարմացավ անցորդը:
- Իսկ ես ի՞նչ իմանայի, թե դու ինչ արագությամբ ես քայլելու,- ասում է Սոկրատեսը:
Աշակերտներից մեկը հարցրեց Սոկրատեսին, թե ինչո՞ւ երբեք տխրության նշույլ անգամ չի հայտնվում նրա դեմքին: Սոկրատեսը պատասխանում է.
- Ես չունեմ այնպիսի մի բան, որը կորցնելով տխրություն ապրեի:
Ինչպես գիտեք, Սոկրատեսին մահապատժի դատապարտեցին աստվածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի և երիտասարդների բարքերն այլասերելու մեղադրանքով: Պարզվում է, որ այս զրպարտանքի առիթ է հանդիսացել Արիստոփանեսի «Ամպեր» կատակերգությունը, որտեղ Սոկրատեսը հանդիսատեսին ներկայանում էր Զևսի գոյությունը հերքող սոփեստի կերպարանքով: Մեծ փիլիսոփայի մահվան պատճառ դարձավ հակառակորդների ծաղրը:
Մահվան վճռի կայացումից հետո Սոկրատեսն իր վերջին խոսքում դիմում է համաքաղաքացիներին.
- Դե ինչ, ես հեռանում եմ մահանալու համար, իսկ դուք մնում եք՝ ապրելու: Մարդուս հայտնի չէ, թե ո՞րն է այս երկու դերերից ավելի շահեկան...