Թրամփը պարզաբանել է Շվեդիայի խնդիրների վերաբերյալ իր արտահայտությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզաբանել է Շվեդիայի խնդիրների մասին նախօրեի իր արտահայտությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ այդ արտահայտությունն ընդդիմախոսների շրջանում ծաղրի ալիք է բարձրացրել: Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Թրամփը հայտարարել է. «Անհրաժեշտ է հետևել մեր երկրի անվտանգությանը: Դուք տեսնում եք, թե Գերմանիայում ինչ է կատարվում: Դուք կարող եք տեսնել, թե Շվեդիայում անցյալ երեկոյան ինչ տեղի ունեցավ: Ո՞վ կարող էր նման բանի հավատալ: Եվ հիմա նրանք խնդիրներ ունեն, որոնք անցյալում անհնար էր պատկերացնել»,- ասել է Թրամփը, որից հետո հիշեցրել է Բրյուսելում, Նիսում եւ Փարիզում իսլամիստների իրականացրած ահաբեկչությունները:
Թրամփի հայտարարությունն իրեն ուղղված քննադատության եւ ծաղրի ալիք է բարձրացրել, քանի որ նրա խոսքը շատերն ընկալել են որպես Շվեդիայում ահաբեկչությունների մասին հայտարարություն, որոնք իբր տեղի է ունեցել նախօրեին: Հետագայում նա Twitter-ի իր էջում գրել է, թե անդրադարձել է միգրանտների հարցին, որը նախօրեին քննարկվել է «Fox News»-ի եթերով հեռարձակված փաստագրական ֆիլմում:
«Իմ հայտարարությունը վերաբերում էր այն հանգամանքին, թե ինչ է կատարվում Շվեդիայում, որի համար հիմք է հանդիսացել «Fox News»-ի եթերով հեռարձակվող հաղորդումը, որի շրջանակներում շոշափվեց միգրանտների հարցը»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Սպիտակ տան մամուլի խոնակ Սարա Սանդերսն իր հերթին նշել է, որ Թրամփն իր ելույթում նկատի է ունեցել Շվեդիայում հանցագործությունների աճը, և ամենևին էլ նկատի չի ունեցել որևէ կոնկրետ բան:
Շվեդիայի նախկին վարչապետն արձագանքելով Թրամփի հայտարարությանն ասել էր, որ Թրամփը դա ասելուց առաջ ինչ որ բան է ծխել: