Նախագահը մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն:
Հանրապետության Նախագահը շնորհավորական խոսք է հղել տոնի առթիվ: