Եմենն ԱՄՆ-ին արգելել է իր տարածքում հակաահաբեկչական գործողություններ անցկացնել
Եմենի իշխանությունները ԱՄՆ-ին արգելել են արաբական այդ երկրի տարածքում հակաահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում գաղտնի ցամաքային հատուկ գործողություններ անցկացնել ամերիկյան հատուկ նշանակության զինվորների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Հաղորդվում է, որ եմենական իշխանությունները նման որոշման են հանգել այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի՝ «Ալ Քաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական խմբավորման շտաբում իրականացրած վերջին արշավի արդյունքում զոհվել էին քաղաքացիական անձինք և ամերիկացի մեկ զինվոր:
Պարբերականը պարզաբանում է, որ ո՛չ Պենտագոնը, ո՛չ էլ եմենական կողմը պաշտոնապես նման հայտարարությամբ հանդես չեն եկել, սակայն համաձայն ամերիկյան ռազմական կառույցներից աղբյուրների՝ Եմենի իշխանությունների կայացրած որոշումը չի վերաբերում ամերիկյան անօդաչու թռչող սարքերին, որոնց օգնությամբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: