ԱՄՆ-ը գրին քարտ ունեցող միգրանտների համար կփոխի մուտքի արգելքի հրամանը
Այն 7 մուսուլմանական երկրների քաղաքացիները, որոնց մուտքn ԱՄՆ արգելված է, գրին քարտ ունենալու դեպքում կարող են ազատ այցելել այդ երկիր: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի կատարած հայտարարությանը:
Ինչպես հայտնի է հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որի համաձայն՝ փախստականների ընդունելության բոլոր ծրագրերը 120 օրով կասեցվում են, իսկ 7 մուսուլմանական երկրների բնակիչների մուտքն արգելվում 90 օրով։ Թրամփի որոշումը ԱՄՆ-ում բողոքի ալիք էր առաջ բերել։ Ամենահակասական դրույթն այն է, որ այդ 7 երկրների գրին քարտ ունեցողները նույնպես այդ արգելքի տակ են հայտնվել, չնայած այն հանգամանքին, որ գրին քարտի առկայությունը փաստացի նշանակում է ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք։ Երեկ՝ փետրվարի 1-ին, Սփայսերը պարզաբանում մտցրեց, ասելվով, որ գրին քարտ ունեցողները կարող են 90 օրով ԱՄՆ մտնել, դրանից հետո դիմում ներկայացնել անվիզա մուտքի ծրագրով։
ԱՄՆ նախագահի այս որոշումը հարուցել էր հասարակության, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների, խոշոր կազմակերպությունների զայրույթը: Մի քանի նահանգներ անգամ պատրաստվում են Թրամփի այդ որոշումը բողոքարկել դատարանում: