Թուրքիան խախտել է Հունաստանի հետ օդային սահմանը
Չորեքշաբթի թուրքական 6 ռազմական ինքնաթիռ մոտ138 անգամ խախտել է Հունաստանի օդային տարածքը: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի տարածած հայտարարությանը:
Նշվում է, որ թուրքական 2 ինքնաթիռ առավոտյան ժամը 7:43-ից մինչև 8:41-ը 126 անգամ խախտել են երկրի օդային տարածքը, այդ թվում՝ 8 թռիչք իրականացնելով Իմիա և Կալոլիմնոս կղզիների վրայով: Թուրքիան մշտապես խախտում է Հունաստանի օդային տարածքը, բայց ոչ նման քանակությամբ:
Խախտումները գրանցվել են այն բանից հետո, երբ առավոտյան Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսն ուղղաթիռից ծաղկեպսակ է իջեցրել Իմիա կղզիների մերձակայքում: Նշենք, որ այդ վայրում 21 տարի առաջ թուրք-հունական կոնֆլիկտի ժամանակ 3 հույն օդաչու է զոհվել: