«Bild»-ը համեմատել է Պուտինի և Մերկելի հետ Թրամփի հեռախոսազրույցների լուսանկարները
«Bild» թերթը համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ Թրամփի ունեցած հեռախոսազրույցների ժամանակ արված լուսանկարները: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Երբեմն լուսանկարներն ավելի շատ բան են պատմում, քան խոսքերը»,- գրում է «Bild»-ի լրագրող Սիմոն Շյուտցը:
Շյուտցի կարծիքով՝ Թրամփը Պուտինին ավելի մեծ ուշադրություն է հատկացրել, քան Մերկելին:
Այսպես, պաշտոնական լուսանկարում, որն արվել էր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում, երևում է, որ ԱՄՆ առաջնորդին շրջապատում է մի ամբողջ թիմ՝ փոխնախագահ Մայքլ Պենսը, Սպիտակ տան պետքարտուղար Շոն Սպայսերը, Սպիտակ տան ապարատի ղեկավար Ռայնս Պրիբուսը, գլխավոր խորհրդական Սթիվեն Բեննոնը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննը:
ԳԴՀ կանցլերի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփի հետ է միայն Ֆլիննը: Բեննոնն ու Պրիբուսը նույնպես աշխատասենյակում են, սակայն, ինչպես երևում է, այլ հարցերով են զբաղված: Մնացածը բացակայում են:
«Հավանաբար դա խոսում է այն մասին, որ Մերկելի հետ զրույցը պակաս սուր և կոնֆլիկտային է գնահատվում»,- ենթադրում է հեղինակը: Պուտինի հետ զրույցի դեպքում կարող էին քննարկվել վիճելի թեմաներ, ինչպիսին օրինակ Ուկրաինայի հակամարտությունն է»,- հավելում է նա:
Այն մասին, որ ՌԴ նախագահի հետ զրույցը Թրամփի համար ավելի կարևոր է եղել, վկայում է նաև հեռախոսազրույցի տևողությունը. Պուտինի հետ ԱՄՆ նախագահը զրուցել է մոտ 1 ժամ, այնինչ Մերկելի հետ՝ 45 րոպե:
Լուսանկար՝ Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցից՝
Լուսանկար՝ Մերկելի և Թրամփի հեռախոսազրույցից՝