Թրամփի հրամանի պատճառով Գերմանիայի երկու պատգամավոր կարող են զրկվել ԱՄՆ մեկնելու հնարավորությունից
Բունդեսթագի երկու պատգամավորներ՝ Օմիդ Նուրիպուրը և Նիմա Մովասաթը, մտավախություններ ունեն, որ չեն կարող ԱՄՆ մեկնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի պատճառով: Այս մասին գրում է Dw.com-ը:
Նշվում է որ համաձայն այդ հրամանի՝ ԱՄՆ մուտքն արգելվում է յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիների համար։ Խնդիրը կայանում է նրանում, որ 2 պատգամավորն էլ Գերմանիայի անձնագրից բացի ունեն նաև Իրանի քաղաքացիություն:
«Դա սահմանափակում է իմ քաղաքական գործունեությունը։ Զբաղվում եմ զարգացող երկրներին օգնություն հատկացնելու քաղաքականությամբ, հաճախ եմ գործ ունենում ՄԱԿ-ի հետ, որի շտաբ բնակարանը Նյու Յորքում է։ Բնականաբար, եթե ես այլևս չկարողանամ մտնել ԱՄՆ, դա խնդիր կդառնա»,- հայտնել է Ձախ կուսակցությունը ներկայացնող Մովասաթը, որը Գերմանիայում է ծնվել իրանցիների ընտանիքում։