Թրամփը մտադիր է հանգստյան օրերին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող հանգստյան օրերին հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ամերիկյան NBC հեռուստաալիքի թղթակից Հելի Ջեքսոնի Twitter-յան գրառմանը:
«Վարչակազմում եղած աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը պատրաստվում են այս հանգստյան օրերին հեռախոսազրույց ունենալ: Սա կլինի երդմնակալությունից հետո առաջին հեռախոսազրույցը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել նոյեմբերի 14-ին՝ Թրամփի՝ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո: Այդ ժամանակ նրանք պայմանավորվել են կարգավորել երկու երկրների միջև առկա հարաբերությունները:
Սակայն, հինգշաբթի օրը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դեռևս հստակեցված չէ երկու նախագահների հեռախոսազրույցի ժամանակացույցը: