Էրդողանը հայտնել է «ՔԱԿ»-ի դեմ պայքարում զոհված զինծառայողների և ոստիկանների թիվը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարում վերջին 1,5 տարում զոհվել է 871 զինվորական և ոստիկան, նույն ընթացքում վնասազերծվել է 10.000 քուրդ ապստամբ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«ՔԱԿ»-ի դեմ ռազմական կոնֆլիկտը Թուրքիայում վերսկսվել է 2015 թ.-ի հուլիսից:
««ՔԱԿ»-ի ահաբեկիչների դեմ պայքարում միայն վերջին մեկ ու կես տարում զոհվել է 871 թուրք զինծառայող և ոստիկանության աշխատակից: Նույնպես զոհվել է 337 խաղաղ բնակիչ: Այս ընթացքում վնասազերծվել է շուրջ 10 հազար ահաբեկիչ, ձերբակալվել՝ «ՔԱԿ»-ի 12 հազար զինյալ և նրանց հանցակիցները»,- հայտնել է Էրդողանը Անկարայում տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպման ժամանակ:
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի հետ առնչվող վտանգների մեծ մասի աղբյուրները գտնվում են երկրի սահմաններից դուրս: Դա նույնպես վերաբերում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: