Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական կառավարման անցնելու օրինագծին
Թուրքիան ևս մի քայլ է կատարել խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելու ճանապարհին։ Մասնավորապես, Թուրքիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է համապատասխան փոփոխությունների օրինագիծը: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Ավելի վաղ, Սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանն էր դրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Փոփոխություններով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձնական հսկողություն է ստանում Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի և հետախուզության նկատմամբ։
Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը՝ այսօրվա դրությամբ դրանք ենթարկվում են վարչապետին։ Բացի այդ, փոփոխությունների վերջնական ընդունման դեպքում Էրդողանն իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարների և հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման ձևը գործում էր 1923 թվականից։