Օբաման Թրամփին երդմնակալության արարողությունից առաջ թեյի է հրավիրել
Իր պաշտոնից հեռացող նախագահ Բարաք Օբաման Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին թեյի է հրավիրել հունվարի 20-ին՝ ուրբաթ օրը՝ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ուրբաթ առավոտյան նախագահ Օբաման և առաջին տիկինը նախագահ Թրամփին և Մելանյա Թրամփին Սպիտակ տուն կհրավիրեն՝ թեյի և ոչ մեծ ընդունելության»,- հայտնել է Օբամայի մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը:
Նրա խոսքով՝ դրանից հետո Օբաման և Թրամփը միասին կմոտենան Կոնգրեսի շենքին, որտեղ տեղի կունենա երդմնակալության արարողությունը: Արարողությունից հետո Օբաման և իր կինն ուղղաթիռով կլքեն Կապիտոլիումը և կուղևորվեն Էնդրյուսի ռազմաօդային բազա, որտեղ Օբաման զինվորականներին իր հրաժեշտի խոսքը կասի: