Թրամփը խոստացել է հաքերային հարձակման վերաբերյալ զեկույցը ներկայացնել 90 օրվա ընթացքում
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 90 օրվա ընթացքում զեկույց ներկայացնել, որում դիտարկված կլինի Ռուսաստանի դեմ առաջ քաշված մեղադրանքները՝ կապված ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված հաքերային հարձակումների հետ: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ վկայակոչելովԹրամփի թվիթերյան գրառումը:
Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նույնպես ընդունել էր հաքերային հարձակումներում ՌԴ-ի մեղսակցությունը: Միևնույն ժամանակ հանրապետական գործիչը նշել էր, որ համակարգչային համակարգերը կոտրելով զբաղվում են շատ երկրներ, իսկ դեմոկրատներն իրենք են մեղավոր, քանի որ պատշաճ կերպով չէին ապահովել իրենց համակարգչային արխիվները:
Խոսելով ավելի վաղ ԶԼՄ-երում հայտնված ռուսական կողմից իրեն վարկաբեկող նյութերի մասին՝ նորընտիր նախագահը նշել է. «Հիմա պարզ դարձավ, որ իմ հասցեին կեղծ պնդումները հավաքվել են իմ քաղաքական հակառակորդների ու անհետացած լրտեսի միջոցով, ով վախենում է դատական հետապնդումից»: