«Բամբարգիա» . Այսօր Նիկուլինի ծննդյան օր է
Այսօր ռուս տաղանդավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Նիկուլինը կդառնար 91 տարեկան...
Հանճարեղ դերասանի կերտած կերպարները բազմազան են, աչքի են բնավորությամբ. Նիկուլինի մասնակցությամբ ֆիլմերից հայ կինոդիտողը չի մոռանում «Операция Ы կամ Շուրիկի արկածները», «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», «Ադամանդե ձեռքը», «Տասներկու աթոռ» ֆիլմերը:Սակայն նա խաղացել է ոչ միայն կոմիկական դերեր: Ժողովրդական արտիստի դրամատիկական տաղանդն էլ ավելի ընդգծվեց, երբ նա խաղաց 1962 թ-ին նկարահանված «Երբ ծառերը մեծ էին» ֆիլմում:
Նիկուլինի կերտած արվեստի մասին երկար կարելի է խոսել, բայց ներկայացնենք նրա կյանքից մի քանի հետաքրքիր դրվագ ևս. մեծ կատակերգակը ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դեմիդով քաղաքում: 1939 թ-ին ավարտելով միջնակարգ դպրոցը զորակոչվել է Կարմիր բանակ: Պարգևատրվել է «Քաջության համար», «Գերմանիային հաղթելու համար» և այլ մեդալներով:
Դպրոցական տարիների մասին իր «Գրեթե լուրջ» հուշագրքում դերասանը գրում է. «Մեր`346-րդ հերթական-սովորական դպրոց, ուր էլ գնում էի, պատվիրակություններ չէին գալիս, գրողներ ու դերասաններ նույնպես չէին գալիս ու մեզ համար համերգներ չէին կազմակերպում»: 1996թ-ին դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ հրավիրված էր նաև Նիկուլինը…
Մեծ դերասանը կյանքից հեռացավ 1997 թ-ի օգոստոսի 21-ին, սրտի վիրահատությունից հետո: