Արդյո՞ք Հիլարի Քլինթոնը կառաջադրվի որևէ ընտրովի պաշտոնի
Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դժվար թե կրկին իր թեկնածությունը առաջադրի որևէ ընտրովի պաշտոնի: CNN-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել «Հանուն ամերիկյան զարգացման» վաշինգտոնյան վերլուծական կենտրոնի նախագահ Նիրա Թենդենը, ով նախկինում եղել է Քլինթոնի օգնականը: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Թենդենը նշել է, որ նախկին պետքարտուղարը կենտրոնանում է երկրի սոցիալական հարցերի լուծման, այդ թվում՝ անչափահասներին և կարիքավոր ընտանիքներին ուղղված օգնության ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Թենդենը նշել է. « Բայց ես չեմ սպասում, որ նա (Քլինթոնը) երբևէ կրկին իր թեկնածությունը կառաջադրի որևէ ընտրովի պաշտոնում»:
Ինչպես նշել է Նիրա Թենդենը՝ դժվար թե Քլինթոնը կփորձի ստանձնել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը:
«Ենթադրում եմ, որ նա հիմա մտածում է այն մասին, թե ինչպես օգնի երեխաներին և ընտանիքներին: Նա դա արել է ողջ կյանքում»,- ասել է Քլինթոնի նախկին օգնականը:
Նշենք, որ ավելի վաղ The New York Daily News-ը հաղորդել էր, որ Քլինթոնը չի բացառում Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հավանականությունը: