Հույս ունեմ, որ Թրամփի վարչակազմը կբարելավի հարաբերությունները ՌԴ-ի հետ. Քերրի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ելքեր կփնտրի` Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար:
«Հույս ունեմ, որ նոր վարչակազմը կզբաղվի Ռուսաստանի հետ հարցերով` տալով դրանց ռազմավարական նշանակություն, և կունենա հստակ նպատակ` փորձել մշակել ընդհանուր տեսլական Ռուսաստանի հետ, բայց առանց մի կողմ թողնելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները», - նշել է Քերրին:
Միևնույն ժամանակ, Քերրին ռուսների միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին որակել է որպես «թշնամական գործողություն»:
Հիշեցնենք, որ նախօրեին Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները զեկույց էին հրապարակել, որում նշվում էր, որ Ռուսաստանի կառավարությունը հաքերների օգնությամբ փորձել է վարկաբեկել ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին` ստեղծելով նպաստավոր պայմաններ, որ հաղթանակի հանրապետական Թրամփը: