Ֆլորիդայում կրակոցներ արձակած հանցագործին ստիպել են «ԻՊ»-ի հոլովակներ դիտել
ԱՄՆ-ի ազգային գվարդիայի նախկին զինծառայող Էստեբան Սանտյագոն, ով կասկածվում է Ֆլորիդայում տեղի ունեցած փոխհրաձգության մեջ, նոյեմբերին ՀԴԲ է դիմել՝ պնդելով, որ կառավարությունը ղեկավարում է իր միտքն ու ստիպում իրեն դիտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեսանյութերը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին։
Անքոուրիջում Բյուրոյի գործակալները Սանտյագոյի հետ զրույցից հետո ոստիկանություն են դիմել, որը պետք է տղամարդու հոգեկան առողջության վերաբերյալ գնահատական տար։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայանում կրակոցներ արձակած հանցագործի մոտ հայտնաբերվել են 26-ամյա Էստեբան Սանտյագո անունով փաստաթղթեր։ Ըստ ոստիկանության՝ հանցագորը Ֆորտ Լոդերդեյլ է ուղևորվել Ալյասկայի Անքոուրիջից «Delta» ավիաընկերության թռիչքով։
Կասկածյալի եղբայրը՝ Բրայան Սանտյագոն հաղորդել է, որ Էստեբանը 1 տարի Ազգային գվարդիայի կազմում կռվել է Իրաքում, ավելի ուշ տեղափոխվել է Ալյասկա, որտեղ ծառայել է որպես սակրավոր։ 2016 թ.-ի օգոստոսին նա Ազգային գվարդիայից հեռացվել է ծառայությունը բավարար կերպով չիրականացնելու համար։
Ֆլորիդայի Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայանում փոխհրաձգությունն իրականացել է հունվարի 6-ին, որի արդյունքում մահացել է 5 մարդ, 13-ը՝ հոսպիտալացվել են։ Հանցագործը ձերբակալված է։ Ոստիկանությունը ենթադրում է, որ երիտասարդը միայնակ է գործել։