Ստամբուլում ահաբեկչության զոհ է դարձել նաև հորդանանցի մի միլիարդատեր
Ստամբուլում ամանորյա գիշերն իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է նաև «Mahdi» ընկերության հիմնադիր, իրաքյան ծագմամբ հորդանանցի բիզնեսմեն Մոհամադ Ալ Սարաֆը։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Jordan Times-ին։
Նշվում է, որ «Reina» ակումբում միլիարդատերը ներկա էր իր ընկերոջ՝ Նավրաս Ասսաֆի հետ, ով նույնպես զոհվել է հարձակման հետևանքով։
Պարբերականի տեղեկություններով՝ ընկերները կանանց հետ միասին Ստամբուլ էին եկել տոների կապակցությամբ։
«Ասսաֆի կինը վիրավոր է, այս պահին նա ծանր վիճակում հիվանդանոցում է։ Սարաֆի կինն ու հորդանանցի մի զույգ ևս տուժել են»,- նշվում է պարբերականում։
Ստամբուլի «Reina» գիշերային ակումբում ամանորյա գիշերն ահաբեկչական գործողություն էր իրականացվել։ Զինված հանցագործը նախ սպանել էր ոստիկանին, այնուհետև մտել ակումբ, որտեղ այդ պահին 600 մարդ կար։ ԴՐանից հետո հանցագործը կրակ էր բացել։
Ահաբեկչական գործողության հետևանքով 39 մարդ էր զոհվել, որոնցից 25-ը արտասահմանցի։ Եվս 65-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ոստիկանությունը ահաբեկչության իրականացման մեջ կասկածում է Միջին Ասիայի բնակչի։ Ենթադրվում է, որ հանցագործը Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի կարող է լինել։ Կատարվածի առթիվ ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։