Ստամբուլի ահաբեկչության ժամանակ բջջային հեռախոսը փրկել է տղամարդու կյանքը
Ստամբուլում ամանորյագիշերն իրականացված ահաբեկչության ժամանակ բջջային հեռախոսը փրկել է տղամարդու կյանքը։ Այս մասին գրում է Life.ru-ն։
Ամանորը նշելու ժամանակ հանցագործի ձեռքով մահացել է 39, իսկ վիրավորվել 69 մարդ։ Ամերիկացի Ուիլյամ Ջեյքոբ Ռաաքը Նոր տարին նշում էր ստամբուլյան ակումբներից մեկում, որտեղ էլ տեղի էր ունեցել ահաբեկչությունը։ Նա նույնպես կրակոցներից վիրավորվել էր։
«NBC10» հեռուստաալիքը փոխանցում է, որ գնդակը նախ դիպչել է բջջային հեռախոսին, այնուհետև վնասել տղամարդու ոտքը։ Բարեբախտաբար որևէ լուրջ վնասվածք տղամարդը չի ստացել։
Բժիշկները հաստատել են, որ բջջային հեռախոսը փրկել է ՈՒիլյամի կյանքը։
«Ես կարողացել եմ կենդանի մնալ, քանի որ մահացած էի ձևանում, երբ գնդակն ինձ էր կպել»,- ասել է տղամարդը։
Բժիշկները պատրաստվում են մոտ ապագայում ԱՄՆ քաղաքացուն դուրս գրել։