Սեր և էլի սեր. Արմեն Ամիրյանը` 2016 թվականի ձեռքբերումների և 2017-ից սպասելիքների մասին (տեսանյութ)
2016 թվականին հայաստանյան քաղաքական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ և բազմապիսի իրադարձություններ, որոնցից շատերն եղան շրջադարձային: 2016 թվականն անխոս կմտնի հայոց պատմության մեջ առաջին հերթին ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմով: Անկախության համար պայքարն իրապես կյանքի ու մահվան կռիվ դարձավ: 2016-ի հետևանքները դեռ հնարավորություն կունենանք ճաշակելու:
2016 թվականի ձեռքբերումների, կորուստների, 2017 թվականի սպասելիքների մասին Operativ.am-ի թղթակիցը զրուցել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:
-Պարո՛ն Ամիրյան, արդեն մոտ 100 օր է, ինչ պաշտոնավարում եք, ամփոփելով 2016 թվականը, ի՞նչ արդյունքներ կնշեք:
Թույլ տվեք այս պահին պատասխանել, թե կոնկրետ ինձ համար ինչ արդյունքներ եղան: Ես հասցրի այս երկու, 2.5 ամսվա ընթացքում ծանոթանալ ոլորտին, գրեթե բոլոր ուղղություններին և կազմակերպություններին, հասկանալ, թե ինչ վիճակում են մեր ձեռնարկությունները, գնահատել, աղտորոշել և փորձել գտնել լուծումներ աղտորոշումը բուժելու համար: Որոշ առումներով եղան նաև քայլեր՝ դեպի առաջ: Դրանք նոր բեմադրություններ, մտահղացումներ, համերգային ծրագրեր, պայմանագրեր ու պայմանավորվածություններն էին՝ այդ թվում նաև միջազգային:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2017 թվականից:
Մշակութաստեղծ, մշակույթով լցված և լցոնված Հայաստան: Ակնկալու եմ, որ իսկապես մշակույթը կդառնա գերակշիռ մեր իրականության մեջ և ավելի կջերմացնի, կմերմացնի մեր սրտերն ու հոգիները:
-Որտե՞ղ եք նշելու ամանորը, Սուրբ Ծնունդը և ու՞մ հետ:
Ընտանիքի հետ՝ զավակներիս, տիկնոջս:
-Նախընտրում եք նշել ճո՞խ, թե՞ ավելի շատ մշակույթային միջավայում:
Պարզ, հասարակ: Ավելի շատ պետք է բովանդակությանը հետևել, որովհետև Նոր տարին նշանակում է, ոչ միայն նոր հույսեր, սպասումներ, այլ նաև շնորհակալություն անցած տարվան: Դա նշանակում է նաև գնահատական՝ անցած տարվա ընթացքում կատարած աշխատանքների, ինչու չէ նաև ընտանեկան հաջողությունների, ձեռքբերումնների: Այնպես որ, ես ավելի շատ նախընտրում եմ ուշադրություն դարձնել իմաստին, գնահատելու անցած տարին և նաև սպասումներ մաղթելու, բարձրաձայնելու եկող 2017 թվականի համար:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Առաջին հերթին խաղաղություն, լիություն և առատություն մեր օջախներին: Եվ որ ամենակարևորն է սեր և էլի սեր ամեն բանի մեջ:
Operativ.am-ը շնորհավորում է նախարարին, ցանկանում բեղուն աշխատանքային տարի և նոր ձեռքբերումներ: